
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ պատասխանել է լրագրողների հարցերին՝ պատերազմի ընթացքում կորցրած տարածքները հետ վերադարձնելու մասին։
«Արդեն շատ փոփոխություններ են կատարվում բանակում: Պետք չէ ամեն անգամ բացեիբաց ասենք՝ ինչ ձեռք բերեցինք, ինչ արեցինք»,- ասաց պատգամավորը։
Մելքոնյանի խոսքով, կորցրածը պետք է հետ բերել, բայց ոչ թե այդ մասին գոռալով, այլ սուսուփուս գործողություններ կատարելով՝ առանց շտապելու։
«Ինչպես իրենք (Ադրբեջանը) 1994-ին պարտվեցին, անցավ 25 տարի, հետ վերցրեցին: Իհարկե, մենք մեր տարածքները կորցրել ենք, պետք է հետ բերենք, դրա համար մեզ համբերություն է պետք եւ համախմբվել՝ ոչ թե հիմիկվանից գոռանք՝ հետ բերենք, հետ բերենք, այլ սուսուփուս անենք»։
Լրագրողի հարցին, որ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը չասաց, որ Հադրութն ու Շուշին գրավված են, նա ասաց․
«Այսինքն՝ դուք մտածում եք, որ պետք է ասե՞ր: Այդ ամենը չպետք է ասվի, պետք է սուսուփուս քո գործն անես: Մենք այսօր չգնացինք ու Շուշին գրավեցինք: Պետք է կարողանանք զինվել, պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, այդ ժամանակ հետագայի խնդիր է, թե ինչ կարող ենք անել»։