Ռուսաստանցի երգիչ Աբրահամ Ռուսոն մեկնաբանել է Չեռնոգորիայում Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմաիլովի ձերբակալումը, հաղորդում է «Իզվեստիա» -ն:

Իսմաիլովի անունը կապված է 2004 թվականին Ռուսոյին ծեծելու եւ առեւանգելու գործի հետ: Բացի այդ, նրան կասկածում են 2006 թվականին արտիստի դեմ մահափորձի մեջ:

«Ես առանձնապես ուրախություն չեմ զգում այդ առումով՝ չնայած ես շատ եմ տուժել: Այսինքն՝ մենք ունենք տարաձայնություններ, սակայն այն, որ նրան ձերբակալել են, արդարացի է: Ես, որպես ՌԴ քաղաքացի, որպես տուժած, պահանջում եմ արդարադատություն: Տեսնենք հետագայում ինչպես կլինի: Հուսամ՝ նրան գրավի դիմաց բաց չեն թողնի»,-պատմել է երգիչը:

Ռուսոն պարզաբանել է, որ Իսմաիլովի հետ հանդիպել է Կիպրոսում 1991 թվականին, երբ արտիստը ելույթ էր ունենում միլիարդատիրոջ միջոցառումներին: Սակայն, ինչպես նշում է երգիչը, մտածողության տարբերությունների պատճառով նրանց միջեւ տարաձայնություններ են ծագել:

«Ինչպես եւ բոլոր հարուստները, երեւի, նա ինքնատիպ մարդ է: Նա ունի իր մտածողությունը, բնավորությունը, նրան բարդ է հաճոյանալ: Առավելեւս մենք ունենք տարբեր մշակույթներ, ես նրան երբեք չեմ հասկացել: Այո, դա բարդ էր ինձ համար: Անկեղծ ասած՝ անգամ չեմ ուզում երբեմն դա հիշել: Սակայն ես կարող եմ ասել, որ անցել եմ կյանքի այդ ուղին: Եթե ամեն ինչ հետ բերվի, իմ կյանքը, ես կվերանայեի նրա հետ հարաբերությունները»,-նշել է երգիչը:

Ռուսոն հայտնել է, որ 2004 թվականի հունվարին Իսմաիլովը իր ենթակաների հետ միասին ծեծել է նրան՝ պահանջելով, որ արտիստն իր էստրադային գործունեությունը վարի Իսմաիլովի պայմաններով:

Ծեծից հետո երգչին տեղափոխել են Իսմաիլովի մերձմոսկովյան տուն, որտեղ մեկ օր պահել են, քանի դեռ արտիստը չի համաձայնել կատարել բոլոր պահանջները:

«Նրան միեւնույն էր, ասում է նա, թքած ուներ պետության վրա: Նա ինքն իր համար օրենք էր»,-հավելել է Ռուսոն:

Տեղի ունեցածից հետո երգիրը դադարել է շփվել Իսմաիլովի հետ, սակայն դրանով նրանց կոնֆլիկտը չի ավարտվել: 2006 թվականին Ռուսոյի վրա մահափորձ է կատարվել. երգչի մեքենան կրակել են ինքնաձիգից, ինքը՝ արտիստը, ստացել է երեք հրազենային վնասվածք:

«Շուտով այդ գործը նույնպես կբացահայտվի, քնաի որ նրա գործերով լրջորեն զբաղվում են իրավապահ մարմինները: Եւ նա կխոստովանի՝ ինչն ինչպես է եղել: Ես չեմ կարծում, որ միայն նա է ներգրավված դրանում»,-նշել է երգիչը:

Նշվում է, որ վերջին անգամ Ռուսոն եւ Իսմաիլովը հանդիպել են 2017 թվականին, հենց այդ ժամանակ են գործարարի նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում:

Թելման իսմաիլովը բերման է ենթարկվել հոկտեմբերի 1-ին ռուսական օրդերի հիման վրա: Չեռնոգորիայում Ռուսաստանի դեսպանատանը հայտարարել են, որ նրան բերման ենթարկելու մասին իրենք տեղեկացել են տեղական ԶԼՄ-ներից:

Իսմաիլովին ներկայացվել է մեղադրանք երկու ձեռնարկատերերի սպանության եւ ուրիշ հանցագործությունների համար՝ ներառյալ հրազենի, պայթուցիկ նյութերի եւ սարքերի, հրազենի հիմնական բաղադրիչների ապօրինի ձեռքբերում, պահում, վաճառք, տեղափոխում կամ կրում:

Հոկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատերը պահվում է Պոդգորիցեի մեկուսարանում:

 

Աղբյուր՝ news.am

2819