ԱԱԾ-ն «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է  ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ԱԱԾ-ն առաջարկում է արգելել առանց համապատասխան թույլտվության պետական սահմանի սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Նշվում է, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:

Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի՝ այդ թվում անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ:

Ըստ ԱԱԾ-ի՝  նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում:

 

28 Հուլիս, 2020 12:04
1224
; ;