Կիևում մահացած են գտել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովին։ Նախնական տեղեկություններով՝ նա մահացել է գիշերը տաքսիում իրեն վատ զգալուց հետո։ Բժիշկները փորձել են նրան առաջին օգնություն ցույց տալ, սակայն դա նրանց չի հաջողվել:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական գործողություններ, ժողովրդական պատգամավորի դին կուղարկվի դատաբժշկական փորձաքննության՝ մահվան պատճառը պարզելու համար:
Անտոն Պոլյակովը 33 տարեկան էր: Նա ընտրվել էր Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» կուսակցությունից, սակայն կուսակցությունում նրա գործունեությունը շատ արագ դադարեց։ 2019 թ․ նոյեմբերին Պոլյակովը հեռացվեց խմբակցությունից, քանի որ նա դեմ էր քվեարկել խմբակցության որոշմանը: 2020 թվականի հունիսին նա միացավ «Հանուն ապագայի» խորհրդարանական խմբին:
Նա իր մահվանից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 4-ին, ուղիղ եթերում խոսել էր այն մասին, թե ինչպես են «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամները իրեն զուգարանում գումար առաջարկել «Ապաօլիգարխացման մասին օրենքին» աջակցելու համար: