Կեսարիայի (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Կայսերի) Մելիքգազի գավառի Թավլուսուն թաղամասում, որտեղ նախկինում հայեր և հույներ են ապրել, սկսել են ապօրինի շինություններ կառուցել։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ Թավլուսուն թաղամասում 1800-ական թվականներին բնակվել են թուրքեր, հայեր ու հույներ։ Թուրքական աղբյուրը փորձում է մոլորեցնել իր ընթերցողներին՝ նշելով, թե «հայերն ու հույներն» այստեղից հեռացել են «բնակչության փոխանակման» պայմանագրից հետո։ Մինչդեռ, ինչպես հայտնի է, հայ բնակչությունը, ի տարբերություն հույն բնակչության, Կեսարիայից վերացել է Հայոց ցեղասպանության հետևանքով։ Սակայն ներկայում այստեղ պահպանվել են հայերից և հույներից մնացած պատմական կառույցներ։ Այս թաղամասը պահպանման ենթակա տարածք է հայտարարվել, սակայն վերջերս թուրքերն այստեղ սկսել են ապօրինի կառուցապատումներ անել։

Թավլուսունի թաղապետ Մեհմեդ Յըլմազը «Դողան» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ պատմական կառույցները վնասվում և թալանվում են, և որ իրենք երբեմն այդ մասին ծանուցում են ոստիկանությանը։ Այնուամենայնիվ, Մեհմեդ Յըլմազի խոսքով, այստեղի պատմական շինությունները շարունակում են ավերվել, և նոր ապօրինի կառույցներ հայտնվել, որի պատճառով իրենք պահանջում են արգելել նման շինությունների կառուցումը։

196