
«Տարբեր տելեգրամյան ալիքներ` այդ թվում նաև Պեգովի WarGonzo-ն հայտնում են, թե ձերբակալվել է արցախցի խաղաղ բնակչին սպանած ադրբեջանցի դիպուկահարը»,- այս մասին ի Ֆեյսբուքի էջում գրում է քաղաքագետ Մովսես Հարությունյանը։
«Մի կողմ թողնելով լուրի իսկությունը` պիտի արձանագրենք, որ եթե անգամ ձերբակալություն եղել է, ապա դա բացարձակ սրտահովանք չէ մեզ համար։
Նախ, այն չի երաշխավորում հետագայում նմանատիպ դեպքերի կրկնության բացառումը։ Բացի այդ, մենք լավ գիտենք, թե Ադրբեջանը պետական մակարդակով ինչպես է «պատժում» հայ սպանածներին։
Եվ որ ամենակարևորն է, ադրբեջանցի դիպուկահարը հաստատապես չէր կարող գործել ինքնագլուխ ու մենակով որոշում կայացնել գնդակահարել խաղաղապահի կողքը նստած գյուղացուն։ Միանշանակ է, որ նա այդ քայլն արել է ամենաբարձր թույլտվությամբ։
Տպավորություն ունեմ, որ մեկ անձի վրա մեղքը բարդելով, փորձ է կատարվում քողարկել պետական խայտառակ հանցագործությունը։ Այնուամենայնիվ, եթե հայ-ռուս-ադրբեջանական ֆորմատում թեման այս ձերբակալությամբ փակվի, Հայաստանը պիտի փորձի ադրբեջանական պետական հանցագործությունը թմբկահարել միջազգային այլ ատյաններում` հատկապես որ քաղաքացու սպանության հանգամանքը հաստատվել է նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորամիավորման կողմից»,- գրում է քաղաքագետը։