Ելենա Մոլկովան և Քրիստ Խաչատրյանը ծանոթացել են Ռուսաստանում, բայց հարսանիքը որոշել են Հայաստանում անել։

Ավանդույթի համաձայն՝ փեսան հարսանիքի օրը հարսին հայրական տնից է վերցնում։ Ելենա Մալկովան Նիժնի Նովգորոդից է, ու նրա համար «հայրական տուն» էր դարձել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:

Աղջիկը հարսանյաց զգեստով հոր ու դեսպանատան աշխատակցի ուղեկցությամբ դուրս է եկել դեսպանատան շեմից, որի մուտքի մոտ նրան ծաղկեփունջը ձեռքին սպասում էր փեսան` Քրիստ Խաչատրյանն իր հարազատների հետ:

Ահա այսպիսի յուրօրինակ ձևով է ինտերնացիոնալ զույգը որոշել անցկացնել հարսանիքը։ Իսկ ռուս դիվանագետները թեկուզ և անսովոր ձևով, բայց կատարեցին իրենց ծառայողական պարտքը՝ նպաստելով հայ-ռուսական ընտանեկան հարաբերությունների ամրապնդմանը։

Ելենան ու Քրիստն ասացին, որ ծանոթացել են հինգ տարի առաջ` Նիժնի Նովգորոդում: Հարսանիքը որոշել են Հայաստանում անել ու ապրել և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։

Նշենք, որ Քրիստը արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից է, նա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

8563