Հոկտեմբերի 14-ը հայրենիքի պաշտպանության համար հերոսացած Նարեկ Քարտաշյանի հիշատակի օրն է: Նա անմահացել է 44-օրյա պատերազմում: Անցած տարի հոկտեմբերի 14-ից ընտհատվեց կապը Նարեկի հետ: Հայրենասեր քաջորդին պատերազմ էր մեկնել ներքին մղումով՝ հարազատներից թաքուն պահելով իր որոշումը:

Մեկ տարի առաջ՝ 2019-ի ամռանն էր զորացրվել, դեռ թարմ էին ծառայության ընթացքում ձեռք բերած ռազմական գիտելիքներն ու մարտավարական հմտությունները: Հոկտեմբերի 4-ին կամավորագրվել էր, 5-ին՝ մեկնել:

Ծնողներին չէր ասել, մայրը Սաթիկ Քարտաշյանը վերհիշում է պատերազմական օրերը. «Հայրը 2 շաբաթ առաջ էր մեկնել Ռուսաստան, աշխատանքն այնտեղ է. ճանապարհները բացվեցին՝ գնաց: Հետո պատերազմը սկսվեց, մտքովս չէր անցնում, որ Նարեկը մտածում էր պատերազմ գնալու մասին: Տանն այդ մասին ոչինչ չէր խոսում: Հոկտեմբերի 4-ին կամավորագրվել էր, 5-ին՝ մեկնել: Նարեկիս ավտոբուսն արդեն շարժվել էր, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ անցած տարվա զորացրվածները ներկայանան զինկոմիսարիատ, զոակոչվեն: Նարեկս մեր միակ տղան էր, ինձ չլսեց ու գնաց: Ճանապարհից նամակ ուղարկեց, միայն գրել էր՝ մերս, ու մի պաչիկի նշան դրել»:

Նարեկ Քարտաշյանը որոշել էր գնալ իր ծառայության վայրը՝ Մարտունի 3, բայց մոբիլիզացիոն ուժերի հետ տարել էին Վարանդա՝ Ֆիզուլի: Նա քաջաբար էր կռվել, դիրքերից չէր հեռացել նույնիսկ վիրավորում ստացած ժամանակ: Հայրը՝

Տիգրան Քարտաշյանը փոխանցում է մարտական ընկերներից ստացած տեղեկությունները. «Վիրավորվել էր, ծունկն էր վնասվել: Տղաներն ասել էին՝ իջի, գնա, բուժվի, հետո արի, ասել էր՝ չէ, ձեզնից ոչ մեկը հրանոթից չի հասկանում: Ես ու՞ր գնամ, ո՞վ է կրակելու: Իմ տղան այդ 2 օրը 85-90 հատ արկ է կրակել: Ինքը լավ նշանառու էր»:

Նարեկը վերջին անգամ հարազատներին զանգել էր հոկտեմբերի 13-ին, իսկ 14-ից՝ կապն ընդհատվել էր: Եկար ու ձիգ ամիսները հարազատները որոնումների մեջ էին: Հայրն Արցախ էր մեկնել ու փնտրել որդուն, չէր գտել: Դա հույս էր ներշնչել, ուրեմն՝ տղան կենդանի է, հավանաբար՝ գերության մեջ: Նարեկ Քարտաշյանի մարմինը հայտնաբերվեց փետրվարի 7-ին:

Տիգրանը պատմում է. «Մարտական ընկերոջ՝ Հրաչի հոգեհանգստի օրն ինձ ասեցին, որ մի զոհ կա, ջինսե տաբատով, ձեռքին խաչ է դաջված, վզին՝ արծաթե շղթա՝ խաչով: Ասեցի՝ իմ Նարեկն է: Գնացել եմ, ձեռքը մաքրել, տեսել դաջվածքը, ճանաչել եմ տղիս: ԴՆԹ-ի պատասխանները 98 տոկոսով համընկել էր: Մեր հարսանիքի օրը՝ հոկտեմբերի 14-ին, Նարեկս զոհվել էր, մոր 50-ամյակին՝ գտնվել»:

Նարեկի հիշատակի օրը շենքի բակում բացվեց հուշաղբյուր, հուշաքար՝ «Նարեկ Քարտաշյան, ինձ բացակա չդնեք» մակագրությամբ և զրուցարան:

Միջոցառումը սկսվեց Հայաստանի օրհներգով՝ զինվորական նվագախմբի կատարմամբ: Այնուհետև ՀԱԵ Շիրակի թեմի հոգևոր հովիվ տեր Նշան քահանա Պանֆյորովը կատարեց հուշաղբյուրի օրհնության կարգ:

Միջոցառմանը ներկա էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս տղաների հիշատակին, որին հաջորդել է Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված հուշ-ցերեկույթն ու հուշակոթողների օծման արարողությունը:

 

Նարեկ Քարտաշյանը ծնունդով Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից էր, Ագրարային պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող: Գինեգործ էր ցանկանում դառնալ, բայց հերոսացավ՝ հայրենիքի սերը ամեն ինչից վեր դասելով: Խունկ ու խոնարհում հերոսի հիշատակին:

Փառք քեզ, Նարեկ Քարտաշյան

 

 

 

2728