Պարզվել է, որ Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարել է նույն անձը:Վերջինս ձերբակալվել է:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատների աշխատակիցների նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքնոեր:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել ան մասին, որ դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներն առերևույթ կատարել է նույն անձը, ով Արմավիրի մարզի բնակչուհի է՝ 35 տարեկան:

Քննության տվյալներով՝ վերջինս 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի և 18:30-ի սահմաններում, դիմակավորված բժշկական դիմակով, մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող երկու տարբեր դեղատներ և իր մոտ եղած դանակով սպառնալով աշխատակիցներին՝ հափշտակել է դեղատան դրամարկղում եղած գումարն ու դիմել փախուստի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 35-ամյա կինը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:

Որոշում է կայացվել` դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»:

364