Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շաբաթ օրը Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 2400 մարդ, իսկ իրավապահ մարմինների մոտ 1000 աշխատակից վիրավորվել է։ Այս մասին կիրակի օրը հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
«Նախարարությունը հայտնել է, որ ձերբակալվել է 2397 հոգի։ Ընդհանուր առմամբ վիրավորվել է ոստիկանության և ժանդարմերիայի 997 աշխատակից․ նրանցից յոթը ծանր վիճակում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շաբաթ օրը Ֆրանսիայի տարբեր հատվածներում տեղի են ունեցել լայնածավալ բողոքի ակցիաներ՝ պայմանավորված կյանքի թանկացմամբ և գների աճով։ Ցույցերն ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանության միջև բռնի բախումներով, ինչպես նաև անկարգություններով, թալանով և վանդալիզմի դրսևորումներով։
Արմատական տրամադրված երիտասարդները ջարդուփշուր են արել խանութները, հրկիզել հասարակական տրանսպորտի կանգառներն ու տրանսպորտային միջոցները։ Անկարգությունների մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։