Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրն առաջարկում է երկարաձգել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետը։ Օրենքի վերջնաժամկետ է սահմանված 2027 թվականի հունվարի մեկը։ Առաջարկվում է երկարաձգել ժամկետը մինչև 2028 թվականի հունվարի մեկը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ մեկ տարվա ընթացքում իրականացվելու է ծրագրի արդյունավետության գնահատում՝ հասկանալու համար 2015 թվականից գործող ծրագրի արդյունավետությունն ու հասցեականությունը։ Խոսքը 5 մարզի 13 համայնքի ու 82 բնակավայրի մասին է։ Ծրագիրը նախատեսում է սահմանամերձ 82 բնակավայրի բնակիչների կոմունալ ծախսերի՝ մինչև 50 տոկոսի չափով փոխհատուցում, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի, գազի, ոռոգման ջրի սպառման վճարների փոխհատուցում։ Սահմանված են նաև դասագրքերի արժեքի ամբողջական փոխհատուցում ու ականների պայթյունից առաջացած վնասվածքների, վիրավորումների կամ մահվան դեպքերում փոխհատուցումների տրամադրման կանոնակարգերը։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահե Ղալումյանի հարցին ի պատասխան՝ Առնակ Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին շուրջ 1 մլրդ դրամի չափով աջակցություն է տրամադրվել սահմանամերձ բնակավայրերին։

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

78