
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում այս պահին դեռ չի ընդունել: Հոկտեմբերի 17-ին Գյումրիում ՏԻՄ ընտրություններին առավելագույն ձայներ հավաքած «Բալասանյան դաշինք»-ի՝ այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հնարավոր տարբերակներ արդեն քննարկվում են սոցիալական ցանցերում:
«Բալասանյան դաշինք»-ի՝ այլ քաղաքական ուժերի հետ միանալու ու կոալիցիա կազմելու որոշում այս պահին չկա, բայց ներթիմային քննարկումներ ընթանում են»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Բալասանյան դաշինք» կուսակցության թիմի անդամ Սոնա Առաքելյանը՝ նշելով, որ իրենց ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը, ով COVID ախտանիշով տեղափոխվել էր հիվանդանոց, արդեն դուրս է գրվել:
«Առաջիկա օրերին Սամսոնյանը դեռ կմնա տանը: Այս պահին ընթանում են ներթիմային քննարկումներ, հուսով ենք Սամսոնյանը ևս շուտով կմիանա այս քննարկումներին, որից հետո մենք նոր հանդես կգանք հայտարարությամբ»,-նշեց Սոնա Առաքելյանը: