«Դիվանագետի գրադարան» առցանց հարթակն արդեն 1 տարեկան է: AraratNews.am-ը զրուցել է հարթակի հիմնադիր Գարիկ Հարությունյանի հետ:

Գարիկ, մեկ տարի առաջ ստեղծեցիք «Դիվանագետի գրադարան» հարթակը: Ի՞նչ եք կարծում`այն ծառայու՞մ է իր նպատակին:

Հարթակը ստեղծել եմ ուղիղ 1 տարի առաջ: Իհարկե, այն առաջին հերթին օգտակար է տարբեր բուհերում սովորող ուսանողներին: Պետք է նշեմ, որ հարթակում ցանկացած բաժին հեշտությամբ կարող են մուտք գործել, բոլոր նյութերը հասանելի են, իսկ google drive-ի մեջ ներբեռնված գրքերը օգտակար կլինեն տվյալ բաժնով հետաքրքրվողների համար՝ էլ ավելի խորությամբ թեմաները ուսումնասիրելու համար:

Հարթակում հիմնական մասնագիտական գրականությունը հայալեզու տարբերակով հասանելի՞ է:

Այո, հայերեն լեզվով հասանելի են քաղաքական-դիվանագիտական բնույթի մի շարք գրքեր: Որոշ գրքեր նաև ինքս եմ թվայնացրել՝ փորձելով ավելի հարստացնել ոլորտին առնչվող գրականությունը:

Ո՞ր տարիքային խումբն է ամենից շատ օգտվում «Դիվանագետի գրադարան» հարթակից:

Կարծում եմ՝ ամենից շատ օգտվողները կլինեն 16-25 տարեկանները, չնայած նրան, որ կայք կարող են մուտք գործել ցանկացած տարիքային խմբի մարդիկ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվողները:

Առաջիկայում ի՞նչ նպատակներ ունեք «Դիվանագետի գրադարան» հարթակի հետ կապված:

Ամենաառաջնային նպատակներից մեկը կայքում եղած բաժինների թիվը հարստացնելն է: Առաջին հերթին կփորձեմ հայալեզու գրականությունը հասանելի դարձնել, քանի որ մեծամասնությունը նախընտրում է նյութերի հասանելիությունը հայերենով: Սակայն սա չի նշանակում, որ անտեսված է այլ լեզուներով գրականությունը. կայքում կան տարբեր ոլորտների առնչվող ռուսերեն և անգլերեն լեզուներով բազմաթիվ գրքեր, դրանք հիմնականում կարող են ներբեռնել google drive-ից:

Միայն Դու՞ք եք համակարգում առցանց հարթակի աշխատանքները:

Այո, կայքը ստեղծել եմ ես, համակարգում եմ և շարունակելու եմ նաև հետագայում էլ  ավելի ընդլայնել: Դա, կարելի է ասել,  իմ հոբբիներից մեկն է:

Ո՞ր մասնագիտությունների անձինք կարող են օգտվել Ձեր հարթակից:

Կայքը բաց է բոլոր հետաքրքրվող անձանց համար, բայց առաջին հերթին այն օգտակար կլինի միջազգայնագետներին, քաղաքագետներին:

Ենթադրենք՝ ուսանողը ցանկանում է տվյալ ոլորտին առնչվող գրքերից օգտվի: Գրքերի բաժին ինչպե՞ս պետք է մուտք գործի:

Կայքում կա առանձին բաժին, որը անվանել եմ Գրքեր: Այդտեղ առանձնացված են թեմաներով և տեղադրված են տվյալ թեմաներին առնչվող առցանց հղումներ: Օրինակ, մուտք գործելով գրքերի բաժինը՝  Դիվանագիտություն/միջազգային հարաբերություններ անվան տակ կտեսնեք, որ նշված է գրքի հեղինակի և գրքի վերնագրի անունը, իսկ դրա տակ՝ տվյալ գրքի հղումը, և այդպես շարունակ: Բացի այդ, գրքերի հետ կապված՝ գրեթե բոլոր բաժինների վերջում ես տեղադրել եմ google drive, որտեղ pdf տարբերակով ներբեռնված գրքեր են, դրանք ևս օգտակար կլինեն ոլորտով հետաքրքրվող անձանց համար:

Ի՞նչն է դրդել Ձեզ ստեղծելու այսպիսի գրադարան:

Ինչպես նշեցի, կայքը ստեղծել եմ ուղիղ 1 տարի առաջ: Այդ ժամանակ արդեն ավարտական կուրսում էի, և մտածեցի, որ կարելի է ոլորտին առնչվող ցանկացած գրականություն  մեկտեղել մի տեղ: Այդ պահից էլ իմ մոտ առաջացավ գրադարանը ստեղծելու գաղափարը: Մյուս կողմից էլ՝ քանի որ ուսումնական հաստատություններում երկար ժամանակ դասերը հեռավար էին, իսկ քննությունների համար նյութեր փնտրելու հասանելիությունը այդքան էլ մատչելի չէր, կարծում եմ՝ այս առցանց հարթակը եթե ոչ ամբողջությամբ, ապա որոշ չափով օգտակար կլինի:

1 տարվա ընթացքում ի՞նչ բաժիններ են ավելացել, ուսանողները ամենից շատ ո՞ր բաժիններից են օգտվում:

Բաժինների թիվը ներկա պահին հասնում է 200-ի: Ոլորտը բավական լայն է՝ դիվանագիտություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, անվտանգություն, տարածաշրջաններ և այլն: Բայց պետք է նշեմ, որ ուսանողները ամենից շատ օգտվում են բուհերում անցնող մասնագիտական առարկաներին առնչվող գրականությունից, կայքում դրանց վերաբերյալ ահռելի տեղեկատվություն կա:

Օլյա Շահինյան

5570