Հայաստանի կառավարության օրակարգում այս պահին կան տարբեր հարցեր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, իսկ մյուսը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ համաձայնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օրերս արած հայտարարությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանային հարցը պետք է կարգավորվի խորհրդային շրջանի քարտեզներով: Վարչապետի խոսքով՝ քարտեզները եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում են 2010 թ. ընդունված Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված Հայաստանի Հանրապետության տարածքին:

Փաշինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Վարչատարածքային բաժանման մասին օրենքը ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքը: Սահմանը՝ որպես դե յուրե կատեգորիա, սահմանվում է ուրիշ օրենքով:

Դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի Խորհրդային Միության քարտեզը: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր թվականների քարտեզներն իրար վերատպումներն են, մենք պետք է խորանանք այդ քարտեզներով ու հասկանանք՝ որն ունի իրավական հիմք: Այդ քարտեզներում կան տարածքային որոշակի տարբերություններ՛՛:

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, որպես միջնորդ, այս գործում, ըստ վարչապետի, ունի և պետք է ունենա ներգրավվածություն:

Հիշեցնենք, որ Պուտինն օրերս Վալդայ ակումբում հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա:

1429