Ռիգայում ընթացող շախմատի 2021 Grand Swiss խոշոր մրցաշարում կայացան 2-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ամերիկացի Հանս Մոկե Նիմանին: Նա վաստակեց 1,5 միավոր և ընդհուպ մոտեցավ մրցաշարի երեք առաջատարներին` Ալիռեզա Ֆիրուջային, Իվան Սարիչին ու Ալեքսանդր Պրեդկեին, որոնք տարել են երկու անընդմեջ հաղթանակ:

Այսօր հաղթանակ տարավ նաև գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սևերով առավելության հասավ նիդեռլանդցի Յորդեն վան Ֆերեստի նկատմամբ: Նա նույնպես վաստակել է 1,5 միավոր: Նման ցուցանիշ ունի նաև Մանուէլ Պետրոսյանը, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց Պավել Պոնկրատովի հետ:

Կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը պարտվեց փորձառու Նատալյա Պոգոնինային, իսկ Էլինա Դանիելյանը հաղթեց Հունգարիան ներկայացնող վիետնամցի գրոսմայստեր Թրան Թան Հոանին: Մեր երկու շախմատիստուհիները վաստակել են 1-ական միավոր: Կանանց մրցաշարը գլխավորում են 7 հոգի, որոնք վաստակել են 2-ական միավոր:

Վաղը կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ:

Հավելենք, որ կանանց մրցաշարին մասնակցում են 50 շախմատիստուհի, որոնցից 24-ը գրոսմայստեր են, իսկ ահա տղամարդկանց մրցաշարում հայտավորված 108 շախմատիստներից ՖԻԴԵ-ի բարձր կոչում ունեն 107-ը:

457