«2021 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվաքանակն աճել է 6,1 տոկոսով կամ 1201 դեպքով»,- այս մասին ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Այս տարվա ինն ամիսներին գրացվել է 20 863 հանցագործության դեպք։ Աճը գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճով։ Գրանցված դեպքերի մեջ հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84 տոկոսը»,- ասաց փոխոստիկանապետը՝ հավելելով, որ ըստ առանձին հանցատեսակների՝ աճել են սպանության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների, տրանսպորտային միջոցներ փախցնելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը, և նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, բռնաբարության և բռնաբարության փորձի, բնակարանային գողության, կողոպուտի, յուրացման կամ վատնման, խուլիգանության դեպքերը:

Հիշեցնենք` ԱԺ-ում քննարկվում է 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը:

 

487