
«Սուբվենցիոն ծրագրերը ըստ էության կապիտալ ծրագրեր են, բայց դրանք բյուջեում չեն արտացոլվում իբրև կապիտալ ծախսեր, սակայն տնտեսության մեջ մտնում են որպես իրական կապիտալ ծախս՝ իր դրական բոլոր հետևանքներով»,- այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության հերթական նիստում նշեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ փոխվել է համայնքի բնակչության ապրելու, ստեղծագործելու, համայնքում արարելու մոտիվացիան, որովհետև տարիներ շարունակ համայնքում տեղաշարժ չտեսնելով՝ որոշակի հիասթափություն է եղել. «Բայց հիմա, համայնքներ այցելելով, տեսնում ենք, որ մարդիկ այլ կերպ են վերաբերվում տարածքային մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին և կառավարությանը: Եվ շատ կարևոր է, որ հասարակությունը հասկանա, թե ինչպես է ձևավորվում սուբվենցիան, ինչ դերակատարում ունի կառավարությունը, և ինչ դերակատարում ունի համայնքը»:
Փոխվարչապետն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում իրենք ամեն ինչ արել են որակի բարձրացման համար. «Չեմ կարող ասել, թե հասել ենք ամենաբարձր մակարդակին, բայց էականորեն բարելավվել է որակը, և հետևողականորեն պիտի շարունակենք, որպեսզի հասնենք մեր առաջ սահմանված նշաձողին՝ թե ասֆալտապատման, թե սալարկման, թե ջրամատակարարման բնագավառներում: Բոլոր ուղղություններով մենք ունենք զգալի առաջընթաց»:
Սուրեն Պապիկյանը կարևորեց նաև էներգախնայող ծրագրերին կառավարության մասնակցությունը. «Այստեղ շատ էական է կառավարության ներդրումը, որովհետև մենք հանդիսանում ենք 75 տոկոս համաֆինանսավորող. կառավարությունն իր վրա է վերցրել զգալի բեռը, համայնքը շատ փոքրիկ մասնակցություն է ունենում, բայց ապահովում է զգալի արդյունք բնակիչների համար: Դիցուք, Քաջարան քաղաքում մենք շուրջ 38 շենքի համաֆինանսավորում ենք ապահովել, որի արդյունքում բազմաբնակարան շենքերը էներգախնայողության բարձր մակարդակ են ապահովել»: