Արդեն մի քանի օր է՝ մեթիլ սպիրտի ալկոգելի վաճառքի լուրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում է քննարկվում: 

Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց տնական օղու թունավորման դեպքից, երբ 21 մարդ մահացավ, հարուցվեց քրեական գործ: Երեք քաղաքացի ձերբակալվել է:

Արդյոք վտանգավոր է մեթիլ սպիրտի ալկոգելից օգտվելն առողջությանը, հնարավո՞ր է դրանից թունավորվել՝ ինչպես խմելիս: 

ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանն Araratnews.am-ին ասաց, որ նման դեպք դեռ չեն ունեցել:

«Մեթիլ սպիրտը մարդուն թունավորում է խմելով, ոչ թե մաշկով: Դեռ չի եղել նման դեպք, տվյալ»,- մանրամասնեց թունաբանը:

Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի փոխտնօրեն Մեսրոպ Հարությունյանն էլ  մեզ հայտնեց՝ մեթիլ սպիրտն օգտագործում են գիտական փորձարկումներում եւ դեղարտադրությունում:

Մեթիլ սպորտը, ըստ մասնագետի, ներկրվում է Հայաստան արտերկրից: «Եթե ունեք թույլտվություն, ապա կարող եք գնալ խանութ եւ գնել այն»,- մանրամասնեց մասնագետը:

 Փոխտնօրենը դժվարացավ ասել՝ մեթիլ սպիրտի ալկոգելը ինչպես կազդի մարդու առողջության վրա: «Այդ հարցի հասցեատերը բժիշկներն են: Մենք միայն կարող ենք ստուգել սպիրտը եւ ասել՝ ինչքան մեթանոլ կա: Անգամ բժշկական սպիրտում կա մեթանոլ, պարզապես չափ գոյություն ունի մինչեւ քանի տոկոս»,- ասաց պարոն Հարությունյանը:

 Թունավորման դեպքով կալանավորված Ավետիք Վարդանյանի փաստաբան Վարդգես Գևորգյանը Araratnews.am-ին էլ ասաց՝ իր պաշտպանյալն ասել է՝ ումից է ձեռք բերել սպիրտը:

Փաստաբանը անունը չհրապարակեց, քանի որ նախաքննության  գաղտնիք է: «Մենք չգիտենք՝ այն մեկը, ումից գնել է  սպիրտ, իմ պաշտպանյալը, ումից է ձեռքբերել: Թունավորում եղել է Երեւանում, Աբովյանում,  ուրեմն ընդհանուր աղբյուրից է եղել թունավորումը»,- մանրամասնեց պարոն Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է մեթիլ սպիրտից ալկոգել պատրաստելուն, փաստաբանն ասաց՝  հայտնի չէ՝ իր պաշտպանյալն ալկոգելի մեջ օգտագործել է մաքուր սպիրտ, թե մեթիլ: 

Հարցին՝ ձեր պաշտպանյալի մոտ մինչեւ կալանավորվելը եղե՞լ է ալկոգել, որն ուսումնասիրելիս կարելի է պարզել՝ մեթիլ սպիրտ կա դրա  մեջ, թե՞ ոչ: «Ես այդ տեղեկությունը չունեմ: Բացի այդ՝ այդ ուղղությամբ աշխատանք չի արվում»,- պատասխանեց փաստաբանը:

Վարդգես Գևորգյանը խոսել է նաև մասնագետների հետ, որոնք հավաստիացրել են՝ մեթիլ սպիրտի թունավորում լինում է միայն այն խմելով: «Ալկոգելի մեջ օգտագործված սպիրտից մարդիկ չեն կարող մահանալ»,- ավարտեց իր խոսքը Ավետիք Վարդանյանի փաստաբան Վարդգես Գևորգյանը:

 Քննչական կոմիտեից փորձեցինք պարզել՝ կա՞ տվյալ, թե ումից են գնել մեթիլ սպիրտ կալանավորվածները, արդյոք ալկոգելի նմուշ կալանավորված Ավետիք Վարդանյանի մոտ հայտնաբերել են կամ  անելու են դա՝ իմանալու, թե ալկոգելում կա՞ մեթիլ սպիրտ, թե՞ ոչ: Սակայն կապ հաստատել չհաջողվեց: Պատասխան ունենալուց հետո այն կհրապարակենք: 

 

Սոնա Դավթյան

 

1317