![](https://araratnews.am/admin/images/1636976257.jpg)
Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն իր շուրջ է համախմբել թատերախմբերի աշխարհի տարբեր երկրներից, 2021-ին կանցկացվի նոյեմբերի 15-20-ը: Փառատոնին երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվեն Շեքսպիրի հանրահայտ գործերը՝ զանազան մեկնաբանություններով:
Այս տարի փառատոնը կհյուրընկալի 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։
«Մենք 15-րդ անգամ փորձում ենք փառատոնի միջոցով նպաստել մշակութային կյանքի զարգացմանը», - ասաց փառատոնի տնօրեն Կարո Բալյանը լրագրողների հետ ասուլիսի ընթացքում։
Շեքսպիրյան փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում։ Հանդիսատեսի դատին կներկայացվի Կիևի ազգային ակադեմիական «Երիտասարդ թատրոնի» («Молодой театр») «Ամառային գիշերվա երազ» ներկայացումը (բեմադրիչ՝ Անդրեյ Բիլոուս)։
Բալյանի խոսքով, շատ կարևոր է փառատոնի շրջանակում անցկացվող «FestOFF» ծրագիրը, որը նախատեսված է Հայաստանի և արտերկրի ուսանողների և անկախ թատերախմբերի համար:
«Ուսանողների հինգ խումբ է մասնակցում: Ծրագրի ժյուրիի նախագահը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է, ժյուրիի անդամներն են թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը, Հասմիկ Սեյմորը, Գայանե Թադևոսյանը, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը»,- նշեց Բալյանն ու հավելեց, որ դեռ չի ասի, թե ինչ է սպասում հաղթողին:
Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր, որոնք կվարեն ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), «Կնեբել» թատրոնի և «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) և Նովոռոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը (ՌԴ)։