![](https://araratnews.am/admin/images/1637404821.jpg)
Երեւանում նոյեմբերի 15-ից մեկնարկել է Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի հյուրընկալել է 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի եւ հյուրի: Նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոնների տնօրեններ՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Փառատոնի հեդլայներն են «Թատրոն Կամրջի մոտ» («Театр у моста»)՝ «Մակբեթ» եւ Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։
Նոյեմբերի 18-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում ցուցադրվեց «Մակբեթ» ներկայացումը, որի բեմադրիչը ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի, «Ոսկե դիմակ» փառատոնի և ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովն է: Նույն օրը Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում հանդիսատեսը վայելեց Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» ներկայացումը: Փառատոնը կամփոփի Ալմետի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը (բեմադրիչ՝ Կարո Բալյան)։
Այն կներկայացվի նոյեմբերի 20-ին՝19։00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։ Այդ օրը տեղի կունենա փառատոնի պաշտոնական փակումը: Երեւանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, 2016թ-ից տնօրենն է Կարո Բալյանը։