Մոլորակի հեղինակավոր օդերևութաբանները մտահոգություն են հայտնել Չինաստանի  Յանցյինում ձյան նվազ տեղումների կապակցությամբ: Այդ բնակավայրում 2022թ. փետրվարին օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված են լեռնադահուկային սպորտի մրցումները։ Հայտնում է ՀԱՕԿ-ը։

Վերլուծաբանների գնահատմամբ 2021թ. հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՉԺՀ-ի դահուկային սպորտի ազգային կենտրոնի տարածքում տեղումները  ընդամենը երկու սանտիմետր են եղել, ինչը թույլ չի տա այնտեղ որևէ մրցաշար անցկացնել։

Կազմակերպիչներին անհրաժեշտ կլինի մոտ 200 մլն լիտր ջուր պահեստավորել՝ արհեստական ձյուն պատրաստելու  համար։

Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսոր Կարմեն դե Յոնգը նշել , որ  վերոհիշյալ լեռնաշղթայում գործնականում ձյուն չի լինում։ «Պեկին – 2022» կազմկոմիտեն լանջերին արդեն տեղադրել է մոտ 200 թնդանոթ, որոնց միջոցով հնարավոր է  արագորեն արհեստական ձյուն պատրաստել դահուկորդների համար։

Ի դեպ, 2018թ. Փհենչհանի  օլիմպիական խաղերում լեռնադահուկային լանջերին տեղացած ձյան գրեթե 90 տոկոսը արհեստական է եղել: Նման  ծածկույթ օգտագործվել է նաև 2014թ. Սոչիի  և 2010թ. Վանկուվերի խաղերում։

999