ՀՀ կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հարցրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, թե արդյոք հնարավոր է մոտ ապագայում թույլատրել բացօդյա տարածքներում դիմակներ չկրել։
«Բոլոր սահմանափակող միջոցառումները կիրառում ենք ըստ համաճարակային իրավիճակի եւ շատ ճկուն կերպով դրանք անընդհատ փոփոխում ենք՝ չծանրաբեռնելով մեր քաղաքացիներին։ Բոլորս տեսնում ենք, որ այդ միջոցառումները տալիս են ուղիղ էֆեկտ, եւ մենք ունենում ենք թվերի նվազում»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ ձմռանը Երեւանի եւ Հայաստանի շատ շրջանների «կտրող» ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել, քան առանց դիմակի, ինչից հետո հավելեց, որ իհարկե պետք է հետեւել իրավիճակին եւ կողմնորոշվել ըստ դրա։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հավելեց, որ բաց տարածքում պարտադիր դիմակ կրելը ամեն դեպքում ճիշտ է։
«Պետք չէ թուլացնել, որովհետեւ չգիտենք, թե մուտացիան ուր կգնա։ Միջազգային պրակտիկայում, բոլոր երկրներում եկել են այն եզրակացության, որ դիմակն ամենաարդյունավետ միջոցն է։ Մենք էլ մեր առօրյայում պետք է սովորենք, որ սա շատ ավելի լավ է՝ առավել եւս երբ օգտվում են հասարակական տրանսպորտից»,- ասաց Խաչատուրյանը։