Աշխատանքային նոր շաբաթը կմեկնարկի եղանակի ջերմացմամբ։ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է եղանակային կանխատեսումն առաջիկա մի քանի օրվա համար։

Օդերևութաբանական կանխատեսումներով` նոյեմբերի 29-30-ը ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Հատկապես ջերմ օրեր են սպասվում Սյունիքում ու Արցախում, որտեղ ջերմաստիճանը նոյեմբերի վերջին 2 օրերին կհասնի 21-23 աստիճանի։ Այդ օրերին տեղումներ ևս չեն կանխատեսվում։

Առանց տեղումների եղանակ է սպասվում նաև դեկտեմբերի 1-ի գիշերը և 3-ին։ Իսկ դեկտեմբերի 1-ի ցերեկը, 1-ի լույս 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ից սկսած դարձյալ կնվազի։

Երևանում ևս նոյեմբերի վերջին 2 օրերը կանցնեն առանց տեղումների։ Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը կանձրևի: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին դարձյալ սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակային փոփոխությունները նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին կուղեկցվեն քամու ուժգնացմամբ` մարզերում` 18-23, Երևանում` 18-20 մ/վ արագությամբ:

Արարատյան դաշտն ու Երևանը վերջին օրերին պատած մառախուղը մինչև շաբաթվա սկիզբը կպահպանվի հիմնականում առավոտյան ժամերին։

255