
Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ասուլիսի ընթացքում խոսեց նոր օմիկրոն շտամի մասին, որը հայտնաբերվել եւ տարածվել է Աֆրիկայում։
«Հետեւելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրություններին՝ նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ ասուլիսից հետո կլինի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որտեղ ներկայացված առաջարկությունները կքննարկվեն, եւ մինչեւ օրվա վերջ կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը։
«Նախատեսում ենք մի շարք երկրներից, որոնք են՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոտսվանայի Հանրապետություն, Լեսոթոյի Թագավորություն, Նամիբիայի Հանրապետություն, Զիմբաբվեի Հանրապետություն, Մոզամբիկի Հանրապետություն, Մադագասկար եւ Տանզանիա, քաղաքացիների մուտքը Հայաստան ժամանակավոր սահմանափակելու մասին»,- նշեց նախարարը։
Ավանեսյանը հավելեց, որ կլինեն նաեւ այլ սահմանափակումներ, որոնք հայտնի կդառնան մինչեւ օրվա վերջ։