Կենսաբանական գիտությունների դոկտոր, ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան ասել է, որ Omicron կորոնավիրուսային շտամի հետևանքները ի հայտ կգան տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն։
«Իրականում «օմիկրոնի» սրության նվազումը «դելտայի» համեմատությամբ պայմանավորված է նրանով, որ մարդիկ մեծ մասամբ պատվաստվել են կամ բնական ճանապարհով իմունիտետ են ձեռք բերել, իսկ վիրուսի նկատմամբ առավել զգայուններն արդեն մահացել են,- պարզաբանել է կենսաբանը։
Ինչպես նշել է Բարանովան, մարդիկ հակված չեն մահվան պատճառը կապել COVID-19-ից ապաքինվելուց մի քանի ամիս անց հիվանդության հետևանքների հետ։
Փորձագետը նաև նշել է, որ կորոնավիրուսից ապաքինվածների շրջանում մահացության աճ կա։
«Որքան շատ մարդիկ են հիվանդացել, այնքան վատանում է բնակչության միջին առողջության ցուցանիշը, այնքան բարձրանում է բնակչության տարիքային մահացությունը», - հայտնել է Բարանովան: Պրոֆեսորը նաև հավելել է, որ շատ հաճախ կորոնավիրուսով վարակված մարդիկ չունեն հիվանդ լինելու պաշտոնական կարգավիճակ, քանի որ չեն դիմել բժիշկների։
Պատրաստեց Արամ Սիմոնյանը