
Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում նոյեմբերի 27-ին անցկացվել է միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանից, միջոցառումը կայացել է «Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի» և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Օրվա բանախոսներն էին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը և բազմակողմանի երաժշտական գործիչ Սիփան Օլահը:
Մ. Օթարյանը ներկայացրել է դասախոսություն Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության, իսկ Ս. Օլահը՝ Բաբաջանյանի կյանքի ուղու և գործունեության մասին։
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը շնորհակալագիր է հանձնել Ս. Օլահին՝ կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության համար:
Համերգային բաժնում միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների, «Քլինգեն» երգչախմբի և «Քլինգեն» կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և մաեստրո Սիփան Օլահ) կատարմամբ հնչեցին այս երկու հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Ելույթ են ունեցել սոպրանոներ Տաթևիկ Աշուրյանը (Գերմանիա) և Հայարփի Եղիկյանը (ՄԹ), դաշնակահար Մարիա Փալազյանը (Լիբանան), հոբոյահար Հակոբ Մուրադյանը (ՄԹ), «Քլինգեն» լարային քառյակը՝ ջութակահարներ Պաուլա Գորբանովան (Լիտվա) և Մալենա Ջիմենոն (Իսպանիա), ալտահար Ադրիան Տիերասեկան (Իսպանիա) և թավջութակահար Քրիստոֆեր Հեդջեսը (ՄԹ), իսկ Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը կատարեց Ա. Բաբաջանյանի երգերը:
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և հյուրերին` նշելով նման միջոցառումների կարևորությունը ՄԹ ժողովրդին հայկական հարուստ երաժշտական մշակույթն ու ավանդույթները ներկայացնելու գործում:
Համերգ-դասախոսությանը ներկա է եղել աշխարհահռչակ դիրիժոր Վարդան Մելքոնյանը, որն իր բարձր գնահատականը և մասնագիտական կարծիքն է հայտնել երաժիշտների պրոֆեսիոնալիզմի և բանախոսների հետաքրքիր ու բովանդակալի ելույթների մասին:
Ներկա են եղել նաև ՄԹ-ում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Սրբազան Հովակիմ Մանուկյանը, Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շնորհք քահանա Բաղդասարյանը, Հայկական համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրամյանը, ՀՀ դեսպանատան աշխատակազմը, բրիտանացի և օտարերկրյա այլ հյուրեր:
Հայ մեծանուն կոմպոզիտորներ Սպենդիարյանի 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված նախագծի հեղինակը դիրիժոր, երգիչ, դաշնակահար Սիփան Օլահն է, որի նպատակն է արտերկրում հանրահռչակել հայ կոմպոզիտորների արվեստը:
Այս նախագծի առաջին միջոցառումը կայացել էր ս.թ. հոկտեմբերի 16-ին՝ Լոնդոնում, երկրորդը՝ նոյեմբերի 5-7-ը՝ Վիեննայում: