

Իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ Araratnews.am-ի տաղավարում քննարկել ենք ինչպես տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, այնպես էլ փորձել ենք հասկանալ, թե ինչու են այս շրջանում Թեհրանի գլխավոր ու երկրորդական փողոցները անվանափոխվել Շուշի, Բաքու և այլն:
«Միանգամից ասեմ, որ դրանք հայկական տեղանուններով չեն անվանակոչվել: Եվ անտեղի է մեզ մոտ առկա ոգևորությունը, որ ի պատիվ հայերի է, կամ հանուն մեզ է նման անվանակոչում իրականացվել»,- պարզաբանելով ասաց փորձագետը՝ ներկայացնելով մի քանի դիտարկում. «Այդ որոշումն ընդունվել է դեռևս այս տարվա հուլիս ամսին: Պարզապես, դատելով սոցցանցային հրապարակումներից, հիմա տեխնիկական գործընթացն է իրականացվել: Թեհրանի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը որոշում էր ընդունել մի շարք փողոցներ անվանափոխել Աֆղանստանում, Տաջիկստանում, ՈՒզբեկստանում և Կովկասում Իրանի քաղաքակրթական կենտրոնների անվանումներով, և հենց այդ շրջանակներում փողոցներ են անվանափոխվել՝ Բուխարա, Փանչի, Հերատ, և նույն տրամաբանությամբ էլ Կովկասի խոշոր կենտրոնների անուններով՝ Գյանջա, Շուշի, Բաքու: Եվ այստեղ Շուշիի անվանակոչումը ևս արված է իրանական տարբերակով»:
Հարցին, թե ինչպիսի դիրք կբռնի Իրանը Սոչիի եռակողմ հայտարարությունից հետո, իրանագետը նշեց, որ այս պահին միտումն այսպիսին է` Իրանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական խորացման ուղղությամբ. «Իրան-Թուրքիա երկկողմ շփումների ժամանակ ընդգծվում է Իրան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների լավացում: Սա ցուցիչ է նրա, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը որոշակի կախվածություն ունի Թուրքիայից»:
Փորձագետը ընդգծեց, որ թեև Իրանը հարաբերությունները փորձում է կարգավորել հարևանների հետ, բայց չի մոռանում կարմիր գծերի մասին, և Իրանի համար կարմիր գիծ է հայ-իրանական սահմանի վերացումը:
Մանրամասները` տեսանյութում:
Հայկ Մագոյան