Ժամը 20:00-ին փակվեցին թվով 984 տեղամասերը, որից հետո հանրապետության 9 մարզերի   37 համայնքներում կմեկնարկի ՏԻՄ ընտրությունների  ձայների հաշվարկը:

Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին մասնակցել են  130 կուսակցություններ  4190 թեկնածուներով:  ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել է 2013 տեխնիկական սարքավորում:

Ինչպես բոլոր ընտրություններում, այս անգամ էլ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ, անհատներ արձանագրել են խախտումների և ընտարակեղծիքների դեպքեր:  Ոստիկանություն է ուղարկվել հանցագործության մասին հաղորդման մի քանի դեպք:

Ըստ «Անկախ դիտորդ» դաշինք դիտորդական առաքելության իրականացրած մշտադիտարկման՝ կուտակումներ գրանցվել են դիտարկված տեղամասերի 23․9%-ում: Արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու 4 դեպք, որոնցից միտումնավոր էին արվել միայն երկուսը։ Դիտարկված տեղամասերի 5%-ում արձանագրվել է վիճաբանության 9 դեպք: Ընտրողների կազմակերպված տեղափոխություն դիտարկվել է 4 տեղամասերում:

Հիշեցնենք՝ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Հայկ Մագոյան

1123