
«YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ կենդանի լեգենդ, աշխարհահռչակ թմբկահար Բիլլի Քոբամի և նրա բենդի համերգով։
Այն նվիրված է սիրված ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին:
Այս կապակցությամբ դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00, «Մեցցո» ակումբում տեղի կունենա «YEREVAN JAZZ FEST 2021»-ի եզրափակմանը նվրիված ամփոփիչ ասուլիսը: Ասուլիսին ներկա կլինեն լեգենդար թմբկահար Բիլլի Քոբամը, Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի կցորդ Լադիսլավ Բերանեկ:
Հիշեցնենք , որ այս տարի փառատոնը մեկնարկեց նոյեմբերի 17-ին` Փրայմ Հոլում «Ararat Jazz Night» համերգով, որի գլխավոր հյուրն էր GRAMMY-ի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնան:
«YEREVAN JAZZ FEST 2021»-ն այս տարի հանդես եկավ նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ: Կինոյի տանը ցուցադրվեց «Կեսգիշերին մոտ» (Round midnight) ջազային մոտիվներով ֆիլմը, երաժշտությունը` Հերբի Հենքոքի:
«YEREVAN JAZZ FEST 2021»-ի ջազ փառատոնը հասավ նաև Դիլիջան՝ Մալխաս ջազ բենդի և Վահագն Հայրապետյանի բենդի համատեղ համերգով: «Արամ Խաչատրյան» համերգասրահում, տեղի ունեցավ«YEREVAN JAZZ FEST 2021»-ի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ միջոցառումը՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված: Հնչեցին Առնո Բաբաջանյանի սիրված ստեղծագործությունները`Վահագն Հայրապետյանի ջազային մշակմամբ: