Օգոստոսի 2-ին կայացավ JAZZ BUSINESS-ի մամլո ասուլիսը, որին ներկա էին բանախոսներից 4-ը՝ Սամվել Գևորգյանը, Վահե Ռոբեր Այվազյանը, Գոռ Կարապետյանը և Արմեն Նիազյանը, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Բանախոսները ներկայացրին սպասվող միջոցառումը, խոսեցին կազմակերպչական աշխատանքներից, սպասելիքներից, ինչպես նաև այն սոցիալական, կրթական բաղադրիչներից, որոնց մասին մինչ այս չէր խոսվել։

JAZZ BUSINESS-ը միջոցառում է, որ մեկտեղում է բիզնես, կրթական, մշակութային և սոցիալական 4 բաղադրիչ, որոնցից յուրաքանչյուրն առանձին ասելիք ունի։

Բանախոսներից Արմեն Նիազյանը պատմեց նախագծի ստեղծման պատմությունը, խոսեց օրակարգից ու միջոցառման առանձնահատկություններից։

«Առավոտյան 5-ին, 6-ին մենք ընկերներով պարբերաբար հանդիպումներ էինք ունենում՝ առավոտյան մտագրոհներ, քննարկումներ, և ձևավորված հզոր դրական միջավայրի և էներգիայի ծնունդն է Ջազ Բիզնեսը, որը նոր խոսք է հայկական իրականության մեջ՝ հիմնված համագործակցության, ոչ թե մրցակցության վրա»։

Գոռ Կարապետյանը խոսեց կրթական բաղադրիչից՝ տեղեկացնելով, որ «Veterans of Armenia» Հասարակական Կազմակերպությունը գնել է 100 տոմս՝ միջոցառմանը մարզերից երիտասարդներին անվճար հրավիրելու համար։

«Մենք կարևորում ենք կրթությունը, և սա մեր խոսքն ու մեր ասելիքն է։ Համագործակցելով երիտասարդական այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են ՄԵՄ-ը, Հզոր Միտքը և այլ կառույցներ, մենք միջոցառմանը կունենանք առնվազն 200 պայծառ երիտասարդ»։

Վահե Ռոբեր Այվազյանը ներկայացրեց մշակութային բաղադրիչը՝ մեկտեղելով բիզնեսը ջազի հետ, գործարարությունը՝ ստեղծարարության։

«Բոլոր բանախոսները կայացած թրեյներներ են, ովքեր գիտեն ինչ խոսել, ինչ ասել, որ օգտակար լինի, բայց այս միջոցառումով մենք համատեղում ենք հաճելին օգտակարի հետ․ օգտակարը կլինեն բանախոսների Stand-Up-երը, իսկ հաճելին՝ Մալխաս Ջազ Տրիո Բենդի կատարմամբ ջազային համերգը»։

Բանախոսներից Սամվել Գևորգյանը խոսեց թերևս ամենակարևոր՝ սոցիալական բաղադրիչի մասին՝ տեղեկացնելով, որ Ջազ Բիզնեսը կանգնում է ՌեԱրմենիայի ՄետաԳեյթ նախագծի կողքին՝ տոմսերի վաճառքից հասույթի մի մասը փոխանցելով վերջիններիս, ինչպես նաև հնարավորություն տալով Զինվորի Տան շահառուներին ներկա գտնվել միջոցառմանը։

Այսպիսով, ի՞նչ է անհրաժեշտ իմանալ օգոստոսի 12-ին կայանալիք Ջազ Բիզնեսի մասին․

1․ Միջոցառման կրթական հատվածն ապահովելու են մոտիվացիոն, կրթական, բիզնես և մարքեթինգային ոլորտի 8 բանախոսներ, ովքեր իրար շարունակելով՝ խոսելու են խիստ կարևոր և արդիական թեմաներ՝ բիզնեսից, մարքեթինգից, անձնային աճից, առաջնորդությունից և այլն։

2․ Որպես մշակութային բաղադրիչ՝ միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունենալու ներկա գտնվել երեկոյան Ջազ համերգին։

3․ Network-ի բաղադրիչը՝ յուրաքանչյուր մասնակից ամբողջ օրվա ընթացքում հնարավորություն է ունենալու ազատ շփում ունենալ բանախոսների հետ, իսկ օրվա ավարտի SMART խարույկը կլրացնի Networking-ի պակասը։

4․ Սոցիալական բաղադրիչը՝ յուրաքանչյուր կազմակերպություն կամ անհատ, գնելով տոմս, նպաստում է երիտասարդների կրթությանը, Մետագեյթ պրոյեկտի կայացմանը, պատերազմի մասնակից զինվորների ներկա լինելուն և իր անձի ներուժը, հնարավորությունները պրոֆեսիոնալների կողմից բացահայտելու կարևոր գործընթացին։

Դե ինչ, սպասում ենք բոլորիդ օգոստոսի 12-ին՝ ժամը 12։00-ին, ամառվա ամենազիլ ու խոստումնալից միջոցառմանը։

720