Ինչպես արդեն հայտնել ենք, «Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու նախագիծ բերել խորհրդարան, որին միանալու է նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց՝ ԱԺ նախագահի հարցում իշխանությունը, բնականաբար, միասնական է:

«Ընդդիմությունը որքան էլ փորձի էժանագին քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով՝ տարատեսակ անպատեհ, անհեռանկարային ու աննպատակ նախագծեր բերել, բնականաբար, իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու»,- շեշտեց պատգամավորը:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով ընդդիմության նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելուն ինքը դեմ է քվեարկելու։

«Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելը շոուներից մեկն է»,- ասաց Ջուլհակյանը և հավելեց՝ գերիների հարցը «Հայաստան» դաշինքի համար բացառապես ներքաղաքական շահարկումների հարց է:

«Իմ այս խոսքն ապացուցում է նաև այն փաստը, որ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է միջազգային պատվիրակություններում իր մասնակցությունից, հրաժարվել է տարբեր երկրներում մեր միջազգային գործընկերներին ՀՀ խնդիրների մասին տեղեկացնելուց, այդ թվում՝ գերիների հարցը միջազգային հարթակներում բարձրացնելուց: Մենք գործուղումների չենք գնում զվարճանքի կամ զբոսանքի համար, այլ գնում ենք Հայաստանի խնդիրները բարձրացնելու և Հայաստանի շահը սպասարկելու: Մենք կարող ենք արձանագրել, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվում է Հայաստանի շահը սպասարկելուց, լքում է արտաքին ճակատի խրամատը, իսկ գերիների հարցը բացառապես ներքաղաքական հարցի է վերածել և Հայաստանի ներսում մեր հանրության համար շոուներ կազմակերպելու համար է օգտագործում»,- նշեց Ջուլհակյանը:

Նշենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր հրապարակվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին: Այնուհետև Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը պնդել էր, որ այն մոնտաժված է: Դրանից հետո համացանցում հայտնվեց տեսանյութի ամբողջական տարբերակը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել էր գերիների ու անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել մանրամասները չհրապարակելու վերաբերյալ։

Սիմոնյանը նաև ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ընդդիմության՝ իր հրաժարականը պահանջելու վերաբերյալ ներկայացված նախագծին՝ գրելով. «Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Ձեր այս արարքը նշանակում է երկու բան՝ Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»:

2207