Կիրակի օրը Թուրքիայի խոշորագույն արհմիությունները Ստամբուլի ասիական մասի փողոցներ են դուրս բերել ավելի քան 5000 ցուցարարների՝ երկրում հիպերինֆլյացիայի եւ թուրքական լիրայի փլուզման ֆոնին: Ցուցարարների գլխավոր պահանջը նվազագույն աշխատավարձի բարձրացումն է։ Այս մասին տեղեկանում ենք Euronews -ից։

Տարեսկզբից թուրքական լիրան կորցրել է դոլարի նկատմամբ իր արժեքի 43%-ը։ Նոյեմբերին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, Թուրքիայում գնաճը կազմել է ավելի քան 21%, սակայն ընդդիմությունը կարծում է, որ այդ թվերը նվազեցված են, իսկ տնտեսության իրական վիճակն էլ ավելի դրամատիկ է:

«Մենք դուրս եկանք փողոց՝ փորձելով փոխել իրավիճակը։ Մենք կարող էինք մնալ տանը, բայց չենք կարող այսպես շարունակել ապրել, մենք փոփոխություններ ենք ուզում։ Ներկայիս կառավարությունը պետք է հրաժարական տա, քանի որ լցնում է իր գրպանները՝ պոկելով բնակչությունից։ Ահա թե ինչու ենք մենք այստեղ՝ ասելու «բավական է», եւ շարունակելու ենք փողոցային ակցիաները»,- ասում է Ստամբուլում ցուցարարներից մեկը։

Տնտեսական ճգնաժամի հնարավոր պատճառների թվում է Հանրապետության կառավարության միջամտությունը Կենտրոնական բանկի քաղաքականությանը, ինչը հանգեցրել է մասնավորապես առանցքային տոկոսադրույքի նվազմանը:

2019 թվականի հուլիսից երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք անգամ փոխել է Կենտրոնական բանկի ղեկավարին։ 2021 թվականի նոյեմբերի սկզբից Թուրքիայում երկու անգամ ֆինանսների նախարար է փոխվել։

Մարիամ Գեւորգյան

1655