Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

Բնականաբար  հիմա շատերին է հետաքրքրում, թե  որն է  Հայկ Մարությանի հրաժարականը պահանջելու պատճառը։  Իսկ պատճառն իրականում մեկը չէ, բազմաթիվ են ։

armenianews.net-ի տեղեկություններով՝

  • 1) Պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերին Հայկ Մարությանը ՔՊ-ից  դուրս գալու դիմում է ներկայացրել։
  • 2) Հայկ Մարությանը նեղ շրջանակներում մի քանի անգամ ասել է, որ  կապ չունի, թե այս իշխանությունը կռիվ է տվել  Արցախը պահելու համար, միևնույն է  պատերազմը պարտվել են, իսկ ինքը չի պատրաստվում  պատերազմը պարտված  Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատվություն կրել։
  • 3)  Մի քանի  օր առաջ մամուլը  գրեց, որ Մարությանը  վերջերս ակտիվ հանդիպումներ է ունենում քոչարյանական գեներալների հետ, չի բացառվում որ նա հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ։  Եվ չնայած Մարությանի  խոսնակը հերքեց Մարությանի և Քոչարյանի հանդիպման մասին լուրերը,  ի սկզբանե  պարզ էր,  որ  Մարությանը անգամ եթե հանդիպել էր Քոչարյանի հետ, դրա մասին չէր հայտարարի և ամեն ինչ կաներ դա հերքելու համար։
  • 4) Հայ Մարությանը առաջինն էր, որ սկսեց բաժանել ժողովրդին սևերի և  սպիտակների՝ դրանով իսկ ատելության քարոզ անելով։
  • 5) Երևանի քաղաքապետը նաև քաղաքապետ դառնալուց հետո մի քանի անշարժ գույք է ձեռք բերել, բայց որքան էլ զարմանալի է, ոչ  Հայաստանում։ Մարությանն անգամ իր իսկ ղեկավարած համայնքում ներդրումներ չի անում, նախընտրում է դրանք անել իր համար արդեն հարազատ դարձած Չեխիայում։  Իսկ մի անգամ նույնիսկ ավագանու ու թաղապետերի ներկայությամբ ասել է, որ «խելացի մարդը էս երկրում ներդում չի անի»։
  • 6)  Մարությանը ավելի շատ արձակուրդում է լինում, քան  աշխատանքի։ Մարությանն իր անձնական հանգիստ էլ ավելի է վեր դասում, քան Երևանի քաղաքապետի  պաշտոնում իր իսկ ստանձնած պատասխանատվությունը։ Իսկ  քաղաքում չլուծված խնդիրներն անհամար են։
  • 7) Վաղուց արդեն մամուլում  կան տեղեկություններ քաղաքապետարանում չարաշահումների մասին։ Անգամ կան  հարուցված բազմաթիվ քրեական գործեր։
  • 8)  Մարությանը վերջերս հայտարարել է, որ մյուս ընտրություններին չի պատրաստվում գնալ ՔՊ-ի հետ։ Եվ սա է հավանաբար այն հիմնական պատճառը, որ ավագանին պատրաստվում է  անվստահություն հայտնել  Հայկ Մարությանին։  Փաստացի Մարությանը ուրանում է այն թիմին ու հենց այն նույն Նիկոլ Փաշինյանին, ովքեր  բերանը ծռող դերասան  Հայկոյից  կերտեցին քաղաքապետ Հայկ Մարության։

Պատճառներ  բնականաբար էլի կան, դրանք տասնյակ են, սակայն սրանք  են այն հիմնական պատճառները, որոնք հիմք են ծառայում ավագանու համար անվստահություն հայտնել Երևանի  քաղաքապետ Հայկ Մարությանին, իսկ  վերջինիս օրերը, կարելի է ասել հաշված են։

13098