Այսօր կառավարության անդամների ճեպազրույցների ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնեց երրորդ՝ խթանիչ պատվաստանյութի ստացման կարգը։

«Չկա պահանջ, որ քաղաքացին պետք է 3-րդ անգամ պատվաստվի նույն պատվաստանյութով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը եւս ազդում է արդյունավետության բարձրացման վրա։

Որեւէ տարբերություն չկա, եթե պատվաստվել են առաջին երկու դեղաչափը մի պատվաստանյութով՝ կարող են հստակ կերպով փոխել այն եւ պատվաստվել մեկ այլ պատվաստանյութով»,- ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, որ երկու դեղաչափը համարվում է ամբողջությամբ պատվաստված, իսկ երրորդը կոչվում է խթանիչ դեղաչափ։ Երրորդ դեղաչափ ստանալը դեռ պարտադիր չէ։

ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրեց Հայաստանում ընդհանուր պատվաստումների ցուցանիշը։ Այսպիսով, Հայաստանում իրականացվել է 1,591,809 պատվաստում՝ 920,650 քաղաքացի ստացել է պատվաստման առաջին դեղաչափը, 670,710 քաղաքացի ստացել է երկրորդ դեղաչափը։ Կան արդեն մոտ 500 քաղաքացիներ, որոնք ստացել են 3-րդ խթանիչ դեղաչափը։

976