«Կեղծ դիպլոմ» որակավորումը սխալ է, որովհետև այստեղ «կեղծ դիպլոմ» հասկացություն ընդհանրապես չկա։ Որևիցե կեղծիքի մասին խոսք չկա»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` անդրադառնալով օրերս աղմուկ հանած Սյունիքի և Արագածոտնի մարզպետների իբր կեղծ դիպլոմներին։ 

«Որևիցե մեկի ներկայացրած այդ փաստաթուղթը կեղծ չէ։ Այդ բուհը, կազմակերպությունը, որը կոչվում է բարձրագույն ուսումնական հաստատություն, հավատարմագրված չէ։ Դա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը կեղծ է»,- պարզաբանեց Դումանյանը։ 

Հավելելով, որ չհավատարմագրված բուհերի շրջանավարտներին 2003 թվականից մինչև 2017 թվականը  ամեն տարի հնարավորություն է տրվել, որ ցանկացողները, որոնք ունեն չհավատարմագրված բուհի ավարտական փաստաթուղթ, կարող էին գալ և ստանալ պետական նմուշի դիպլոմ` հանձնելով պետական ավարտական քննություններ լիազոր մարմնի կողմից։ 

 «Ուզում ենք այս հարցին տալ ամբողջական լուծում, գոնե այն շրջանի համար, երբ մարդիկ ընդունվել են այդ բուհերը, օրինական ձևակերպվել են, ուսման վարձ են վճարել»,- ասաց Դումանյանը։ 

Լրագրողների պնդմանը, թե կեղծ դիպլոմների հաշվին են պաշտոններ ստացել, Դումանյանը  պատասխանեց, որ դիպլոմները կեղծ չեն եղել, այլ կարգավիճակի խնդիր է։ 

 

 

 

1371