Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի պոլիկլինիկան վերազինվել է ակնաբուժական «Ավտոռեֆրակտոմետ» ախտորոշիչ սարքով։ Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից:

Վերազինումն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրված փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում։

Ծրագիրն իրականացվել է «Վարդենիսի տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու» թեմայի շրջանակներում՝ «Երիտասարդություն հանուն փոփոխության» ՀԿ-ի միջոցով։ Ակնաբուժական ախտորոշիչ սարքավորումը մատակարարվել է «Յունիմեդ» ՍՊԸ կողմից։

Վարդենիսի պոլիկլինիկայի ակնաբույժ Ժասմենա Վարդանյանի ներկայացմամբ` ակնաբուժական սարքը հնարավորություն է տալիս վաղ շրջանում հայտնաբերելու և բուժելու կարճատեսությունը և հեռատեսությունը, կեռատոկոնուս և աստիգմատիզմ հիվանդությունները։

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի հավաստմամբ` ակնաբուժական ախտորոշիչ սարքն առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում։

«Այս ծրագիրն անչափ կարևոր ձեռքբերում է մարզի առողջապահության համար, քանի որ ախտորոշիչ սարքից կարող են օգտվել ոչ միայն Վարդենիսի, այլև մարզի մյուս տարածաշրջանների բնակիչները։ Սարքն արդյունավետորեն կծառայի նաև սկրինինգային հետազոտությունների, դեռահասների շրջանում ակնաբուժական հետազոտություններ իրականացնելու համար»,- նշել է Լուսինե Վարդանյանը։

Նույն ծրագրի շրջանակներում «Երիտասարդություն հանուն փոփոխության» ՀԿ կողմից Վարդենիս քաղաքի երիտասարդների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու մասին» թեմայով։ Դասընթացին մասնակցել է 140 ուսանող և դպրոցական։

 

223