Հունվարի 13-ին ԵՊՀ Պատմության ֆակուլտետի մեծ դահլիճում տեղի ունեցավ կովկասագետ, քաղաքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հայցորդ Լուսինե Մովսիսյանի հեղինակած հայերեն-ադրբեջաներեն զրուցարանի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին գրքի գլխավոր խմբագիր Աշոտ Մովսիսյանը, «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ավետիք Հարությունյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանը, Պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Ստեփանյանը, քաղաքագետ, ՀՀ ՊԿԱ դասախոս Սուրեն Պետրոսյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը և այլ պատվավոր հյուրեր:

Զրուցարանի ստեղծման գաղափարը ի հայտ է եկել շատ վաղուց, սակայն կյանքի է կոչվել Արցախյան երկրորդ պատերազմից հետո, այս մասին իր ելույթում ասաց Լուսինե Մովսիսյանը: Հեղինակը նշեց, որ ստեղծված իրավիճակում բավական բարդ էր ադրբեջաներենով որևէ աշխատանք կատարելը, սակայն, ի վերջո, հաջողվեց հաղթահարել պատնեշները և նախաձեռնել զրուցարանի տպագրությունը: Պահանջվեց գրեթե մեկ տարի նյութերն ամբողջությամբ հավաքելու և խմբագրելու համար։

Մովսիսյանը շնորհակալական խոսք ուղղեց այն բոլոր մարդկանց, որոնք իրենց աջակցությունն են ունեցել զրուցարանի ստեղծման ու տպագրման գործում:

«Թշնամու լեզվին տիրապետելն այսօր առավել քան եբևէ պետք է կարևորվի։ Հուսով եմ, որ զրուցարանն օգտակար կլինի ինչպես ուսանողներին, այնպես էլ մասնագետներին։ Շնորհակալ եմ համագործակցության համար ու վստահ եմ, որ այն շարունակական է լինելու,» – ասաց նա:

Ոչ միայն հեղինակը, այլև ներկաները փաստեցին, որ զրուցարանն ունի կարևոր նշանակություն ռազմավարական և անվտանգության տեսանկյունից: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է տիրապետել թշնամի երկրի լեզվին և խրախուսել դրա ուսուցումը Հայաստանում։

324