ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդում է, որ կատակ է արել, երբ հայտարարել է, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական կտա:

Քերոբյանն այս մասին ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին:

ԱԺ նիստի ընթացքում Արեգնազ Մանուկյանը միացրեց Վահան Քերոբյանի ճեպազրույցի ձայնագրությունը, որում լրագրողի հարցին, թե ինչ է անելու, եթե երկնիշ տնտեսական աճի խոստումը իրականություն չդառնա, Քերոբյանը պատասխանում է, որ հրաժարական կտա: Արեգնազ Մանուկյանն այնուհետև հարց ուղղեց էկոնոմիկայի նախարարին, թե երբ է հրաժարական տալու, քանի որ երկնիշ տնտեսական աճ չի ապահովվել:

«Ձայնագրությունը, որը դուք միացնում եք, կիսատ է: Եվ, եթե բարի լինեք ամբողջությամբ միացնել ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ այդ արտահայտությունը կատակով արված արտահայտություն էր, որովհետև այն կոնտեքստը, որում դա ասվել է, եղել է կատակով արված արտահայտություն: Բայց ես այլ հարց եմ ուզում տալ, արդյոք դուք նույն պատվախնդրությամբ գնում, թակո՞ւմ եք, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, մյուս բոլոր միջազգային կազմակերպությունների դռները, որոնք նույնպես կանխատեսումներ են արել և վրիպել են իրենց կանխատեսումներով շատ ավելի շատ, քան ես, քան մենք:  Արդյոք Ձեր գործողություններում Դուք տրամաբանակա՞ն եք, այսինքն՝ հետևողակա՞ն եք բոլոր առումներով, թե՞ ուղղակի զվարճանում եք, և Ձեր հայտարարությունները ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի խնդիրների հետ»,- պատասխանեց Քերոբյանը:

445