Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Սյունիքի մարզում հյուրանոցների աշխատանքի վրա պատերազմի հետևանքներին և այս հարցում Կառավարության աջակցությանը:

Այս տարվա ընթացքում Սյունիքի հյուրանոցներում և հյուրատներում զբաղվածությունը բավարար չի եղել և Կառավարությունը որոշել է լրացուցիչ օժանդակություն տրամադրել ոլորտի տնտեսվարողներին: Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե վերջին շրջանում ինչպիսի՞ փոխհատուցումներ և օգնություն է տրվել Սյունիքի մարզի հյուրանոցներին և հյուրատներին և որքա՞ն է այդ փոխհատուցումների ծավալը։

«Սյունիքում գտնվող հյուրանոցներն առանձնակի են տուժել կորոնավիրուսից և պատերազմի շոկերից: Քանի որ նաև անվտանգային որոշակի դժվարություններ կային, Սյունիքի հյուրանոցներում զբաղվածությունն այս տարի ևս բավարար չի եղել: Կառավարությունը որոշեց լրացուցիչ օժանդակություն տրամադրել Սյունիքի հյուրանոցներին: Օժանդակության չափը կազմում է 175 միլիոն դրամ: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք լրացուցիչ օժանդակություն տրամադրել»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը նշեց նաև, որ Կառավարությունը միտված է նրան, որ գյուղացիական տնտեսությունների եկամուտներն ավելանան առաջին հերթին արտադրողականության աճի հաշվին: 

935