
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարող է արբիտրաժային ընթացակարգ սկսել, եթե ԱՄՆ-ն հիմնովին չփոխի իր՝ դիվանագետներին վիզաներ չտրամադրելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Փետրվարի 9-ին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Գուտերեշին է փոխանցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը, որով պահանջում է արբիտրաժային վարույթ սկսել ԱՄՆ-ի դեմ՝ վիզային պարտավորությունները չկատարելու պատճառով։
Պոլյանսկու խոսքով՝ Գուտերեշը մտահոգված է այս իրավիճակով և բազմիցս դա հաստատել է Մոսկվային։
«Նա, իհարկե, ուզում է փորձել դա անել առանց ծայրահեղ միջոցների։ Որովհետև արբիտրաժ սկսելը լուրջ խնդիր է։ Սրա հետևում կարող են լինել հետևանքներ։ Ամերիկացիներն, իհարկե, չեն ցանկանում նման սցենար»,- ասել է փոխներկայացուցիչը։