Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային 23 նպատակներով առաջնորդվող այս շրջանակը սահմանում է երեք բաղադրիչից բաղկացած տեսլական՝ կասեցնել և մեղմել այն ճնշումները, որոնք մեր մոլորակի բնական համակարգերը հասցնում են փլուզման եզրին։ 

Այսօր ներկայացվող «Համաշխարհային առաջընթացի զեկույցը» գնահատում է մեր գործողությունները՝ այդ հավակնոտ տեսլականի համատեքստում։ 

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ։

Գուտերեշի խոսքով՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի գրեթե 90 տոկոսն արդեն սահմանել է կենսաբազմազանության պահպանության ազգային նպատակներ, կեսից ավելին մշակել է դրանց իրականացման ճանապարհային քարտեզներ, իսկ ավելի քան 70 տոկոսը չափել և ներկայացրել է արդյունքները։

Նրա խոսքով՝ տարբեր շահագրգիռ կողմեր, այդ թվում՝ բնիկ ժողովուրդները, տեղական համայնքները, տարածքային կառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն ու մասնավոր հատվածը, մինչ այժմ ստանձնել են 5000 հանձնառություն։

Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ զեկույցը բացահայտում է հավակնությունների և գործնական քայլերի միջև առկա խզումը։ Նա նշել է, որ առաջընթացին խոչընդոտում են նաև ֆինանսավորման, կարողությունների զարգացման, գործնական իրականացման և տվյալների հասանելիության խնդիրները։

Գուտերեշը ընդգծել է, որ աշխարհը շարունակում է բախվել երեք փոխկապակցված ճգնաժամերի՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման։

Նրա խոսքով՝ այդ ճգնաժամերը հաղթահարելու համար անհրաժեշտ է զգալի ֆինանսական աջակցություն տրամադրել զարգացող երկրներին, կատարել զարգացման պաշտոնական աջակցության վերաբերյալ հանձնառությունները, վերացնել վնասակար սուբսիդիաներն ու խթանները և կենսաբազմազանության պահպանումը ներառել պետական քաղաքականության, կարգավորումների ու բյուջետային որոշումների մեջ։

Գուտերեշը նաև նշել է, որ կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառների թվում են հողօգտագործման փոփոխությունները, կլիմայի փոփոխությունը, ինվազիվ օտարածին տեսակները, աղտոտումը և բնական ռեսուրսների ուղղակի շահագործումը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ անհրաժեշտ է ամրապնդել պետական և մասնավոր հատվածների, քաղաքացիական հասարակության, երիտասարդների, կանանց և բնիկ ժողովուրդների միջև համագործակցությունը՝ հաշվի առնելով նաև բնիկ համայնքների դարավոր գիտելիքներն ու բնական ռեսուրսների կառավարման փորձը։

Գուտերեշը հույս է հայտնել, որ COP17-ը կնպաստի կենսաբազմազանության կորստի կասեցմանն ու դրա ընթացքի շրջմանը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ համաժողովի նախապատրաստման գործում ցուցաբերած առաջնորդության համար։

«Այսօր ներկայացվող զեկույցում ամփոփված տվյալներով առաջնորդվելով՝ մենք կարող ենք կասեցնել և շրջել կենսաբազմազանության կորստի ընթացքը և պահպանել այն բնական հիմքերը, որոնցից կախված են մարդկային ողջ կյանքն ու բարեկեցությունը»,- եզրափակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

 

73