«Այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ Ընդդիմության ներկայացուցիչները որոշել են բոյկոտել այս հանձնաժողովի նիստերն ու չմասնակցել:

Սա ԱԺ հերթական հանձնաժողով չէ՝ հերթական օրակարգով։ Այստեղ գտնելու ենք մեր բոլոր ցավոտ հարցերի պատասխանները, հասկանալու ենք՝ ինչու այսպես եղավ, ինչու է 2022 թվականը Հայաստանի համար այսպիսին, այս սահմաններով, այս տրամադրությամբ։

Ինչ խոսք, հեշտ չէ բոլորիս համար սարսափազդու այդ օրերը վերապրելը, վերլուծելն ու ամեն ինչի պատճառահետևանքային կապերը բացահայտելը, բայց պետք է։ Նիստերին մասնակցությունը պարտադիր է, մենք հայ ժողովրդի, ընտրողի առջև պարտավորություն ունենք, մենք ստանձնել ենք այդ բեռը, պիտի տանենք մինչև վերջ։ Պիտի պատասխան գտնեն բազմաթիվ հարցեր, բազմաթիվ ինչուներ ու ինչպեսներ։

Նիստին մասնակցության բազմաթիվ նպատակներից ամենակարևորը որդեկորույս ընտանիքների անդամների աչքերին նայել կարողանալն ու նրանց հարցերին հստակ պատասխան ունենալն է»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյան

1253