
Հայաստանի Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 15-ին մասնակցել է դահուկավազքի Լևիկ Հարությունյանի անվան մրցաշարի հաղթողների մրցանակաբաշխությանը։
«Այսօր, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանի և Լևիկ Հարությունյանի որդի Արթուր Հարությունյանի հետ մեծ հպարտությամբ մասնակցեցի դահուկային սպորտի վարպետ, դահուկային սպորտը Հայաստանում դեռ խորհրդային ժամանակներից անձնվիրաբար զարգացրած Լևիկ Հարությունյանի անվան մրցաշարի հաղթողների մրցանակաբաշխությանը։
Մենք ունենք լուսավոր աղջիկներ և տղաներ, որոնք ապագայում պետք է ներկայացնեն Հայաստանը համաշխարհային ասպարեզում։ Եվ կառավարությունը, օլիմպիական կոմիտեն, դահուկային սպորտի ֆեդերացիան ջանք ու եռանդ չպետք է խնայեն, որպեսզի նրանց սպորտային ապագան լինի շատ խոստումնալից և մեր դրոշը ծածանվի շատ մրցաշարերում»,- նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։