Ահավոր վիճակ է, անընդհատ կրակում են: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի մարզի ներկայացուցչության նախագահ Վահագն Մաթևոսյանը՝ անդրադառնալով Դոնեցկում հայ համայնքի վիճակին: Նա նշեց, որ թեև ինքը դուրս է եկել մարզից, բայց այնտեղ մնացած հայերի հետ անընդհատ կապի մեջ է:

«Ունենք հայեր, որոնք դուրս չեն եկել և չեն էլ ուզում դուրս գալ»,-ասաց նա և նշեց, որ  հիմա արդեն էվակուացիան վտանգավոր է:

«Չեմ կարող ասել, թե ինչու են որոշում կայացրել մնալու, չեն ուզում իրենց տները լքեն:  Որոշ մարդիկ էլ մտքափոխվել են, բայց հիմա չեն կարողանում դուրս գալ, քանի որ վտանգավոր է»,- ասաց նա:

Վահագն Մաթևոսյանը նշեց, որ հայ զոհերի մասին տեղեկություններ չկան, բայց գիտի, որ տներ են քանդվել հրետանային արկերից, մարդիկ տեղափոխվել են ուրիշ շինության նկուղներ: Նա նաև տեղեկացրեց, որ այժմ մնացածների մոտ սննդի խնդիր կա:

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունները այսօր կմեկնարկեն Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 13։00-ին։ Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական, բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

 

1067