Ռուսական կողմի պահանջներն` ուղղված Ուկրաինային, չի կարելի գնահատել իբրև վերջինիս կապիտուլյացիա: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է` Մոսկվան առաջարկում է պայմանավորվածություն ձեռք բերել:

«Բացառված չէ, որ ինչ-որ մեկն ուզում էր` Ռուսաստանը թաթախվեր Արևմուտքի կողմից Ուկրաինայում հրահրված հակամարտության մեջ: Եթե Արևմուտքը որոշել է ՌԴ առաջ նոր «երկաթե վարագույր» իջեցնել, հոգ չէ, մենք զարգանալու հնարավորություններ կգտնենք»,- ասել է նա:

Լավրովը նշել է, որ հակամարտության լուծումից հետո ուկրաինացիներն իրենք պետք է որոշեն` հետո ինչպես են ապրելու, իսկ Ուկրաինայում գործողության խնդիրն է հարվածային զենքերի կոնկրետ տեսակներ բացահայտել, որոնք այնտեղ երբեք չեն կիրառվի:

Զելենսկու` անվտանգության երաշխիքներ ստանալու քայլը Լավրովը դրական է գնահատել: Նա նշել է, որ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում ՌԴ-ն պատրաստ է քննարկել անվտանգության երաշխիքների հարցը:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարին զարմացրել է Ուկրաինային զենք մատակարարելու մասին Գերմանիայի որոշումը:

«Ինչպե՞ս դա հասկանանք. պատմական մեղքը և այդ մեղքի զգացումը Գերմանիային ստիպում են աջակցել նեոնացիստների՞ն: Դա փոքր-ինչ տարօրինակ ասոցացում է»,- ասել է նա:

Լավրովը տարակուսելի է համարել նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, թե այսօր ԵՄ-ն և Ուկրաինան մոտ են առավել, քան երբևէ:

«Դա ի՞նչ ակնարկ է, հավանաբար դա ազդանշան է, որ քանի դեռ դու ռուսատյաց ես, դու ամեն ինչի թույլտվություն ունես»,- ասել է նա:

1083