Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գլոբալ կլիմայի փոփոխության հետևանքով մենք ամեն տարի ջրի հետ կապված ավելի ու ավելի լուրջ պրոբլեմներ ենք ունենում՝ առավելևս հաշվի առնելով մեր ջրային համակարգերի մաշվածության աստիճանը: Նա նշեց, որ օպերատիվ շտաբ են ձևավորել՝ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ, որ հնարավորինս արձագանքի այդ խնդիրներին:

«Հիմա արդեն ակնհայտ է, որ խնդիր ունենալու ենք և  որ ավանդական գյուղատնտեսությունը ապագա չունի, չունի հեռանկար»,- ասաց նա և նշեց, որ օրգանիկ գյուղատնտեսական ապրանքի գնի բարձրացումը հաշվի առնելով՝ այդ ուղղությունը դառնում է շահութաբեր բիզնես:

Վարչապետն ասաց, որ զարգացման ծրագրեր չեն կարողանում պատշաճ ձևով իրականացնել, որովհետև անընդհատ տեղային փոքր «հրդեհներ» մարելու տրամաբանության մեջ ենք: Նա նշեց, որ ջրի պրոբլեմի լուծման համար ծրագիր են ներդրել և հետևողականորեն գնալու են առաջ,  աջակցելու են,  և մարզպետների ուշադրությունը հրավիրեց այս ամենին:

«Հին գյուղատնտեսությունից ավելի ու ավելի մնում է ուրվականը, և այդ ուրվականին կենդանացնելու փորձերը ժամանակի և էներգիայի անիմաստ վատնում է, և պետք է շատ ուղիղ ու ակտիվ կարողնանք ներկայացնել և աջակցել հասարակությանը»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտում 11-ից ավելի զարգացման ծրագրեր են ընդունել, բայց որոնք անհրաժեշտ ծավալով չեն աշխատում: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ արեց ջրի հարցում խնայող լինել:

880