Հունվարի 15-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում   ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանի և Ավանդական բժշկության համալսարանի  ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։ 

Հավատարմագրման  հանձնաժողովի անդամները սահմանված կարգով քննարկեցին մասնագիտական ուսումնական հաստատությունների  արտաքին գնահատման փորձագիտական զեկույցները, դրական և բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրներն ու ձեռքբերումները։  

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի  և Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանի պարագայում սա հավատարմագրման երկրորդ շրջափուլն է։ Հետևաբար մանրակրկիտ քննարկվեց, թե նախորդ հավատարմագրումից ի վեր այդ ուսումնական հաստատություններն ինչ առաջընթաց են  ունեցել,  ինչ քայլեր են ձեռնարկվել  նախորդ փորձագիտական խմբի կողմից մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ և ինչպիսին են արդյունքները։  

Դիտարկվեց  նաև հավատարմագրվող երեք ուսումնական հաստատությունների՝ փորձագետների խորհրդատվությունների հիման վրա կազմված  բարելավման ծրագրերի իրատեսականությունը։ 

Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային և Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Ավանդական բժշկության համալսարանը ստացավ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ 

Նշենք, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2017-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, իսկ ՎՊՀ-ն 2015-ին  ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 4 տարի ժամկետով։ 

ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու  

Հայկուհի Բարսեղյան 

 

 

 

 

1490