Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։

ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, որոնք համատեղ աշխատելու են` բարձր մակարդակով ներկայացնելու ռադիոյի հարյուրամյա պատմությունն ու դերը՝ որպես ազգային մշակույթի և հաղորդակցության կարևոր հենասյուն։

Քննարկման ընթացքում ներկայացվել է միջոցառումների ծրագիր, որը ներառում է մշակութային, կրթական և հանրային նախաձեռնությունների շարք՝ ուղղված Հայկական ռադիոյի դարավոր գործունեության արժևորմանը։ Ծրագրի նպատակն է ընդգծել ռադիոյի պատմական ու մշակութային նշանակությունը, խթանել ոլորտի զարգացումը և ապահովել լայն հանրային ներգրավվածություն՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Նախարար Հայրապետյանը լսել է հանձնաժողովի անդամների առաջարկները, ներկայացրել իր գաղափարները և կարևորել նորարարական ձևաչափերի կիրառումը, որոնք կխթանեն երիտասարդների մասնակցությունը և կբարձրացնեն հետաքրքրությունը ռադիոյի պատմության ու ներկայիս դերի նկատմամբ։

Նիստն ամփոփվել է միջոցառումների վերաբերյալ հետագա քննարկումների և միջոցառումների ցանկի վերջնական հաստատման ուղղությամբ պայմանավորվածությամբ:

83