Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը, Հանրային ռադիոյի պաշտոնական կայքն օգտագործելով որպես սեփական ֆեյսբուքյան պատ, անդրադարձել է օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցին և ներողություն խնդրել ունկնդիրներից, որ հարցազրույցն ավելի որակյալ չէր։ Ասել է թե՝ հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանը լավ չի հակադարձել վարչապետին, չի փորձել «նեղը գցել»։
Հետո Հանրայինի կայքում իր կարծիքն է գրել հարցազրույցի մասին՝ նշելով, թե «անցած շաբաթ իրենց տաղավարում հայերիս առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք», և այսպես շարունակ։
Հանրային ռադիոյի տնօրենը, կարծես, 2020-ի օգոստոսին քնել և նախորդ շաբաթ արթնանալով տեղեկացել է 2021-ի Իշխանասարի, 2022-ի Կապանի, Ջերմուկի ու Վարդենիսի, ինչպես նաև 2023-ի Արցախի դեպքերի մասին։
«Բայց ինչպե՞ս ենք մենք օգտագործել արդեն շահած ժամանակը։ Ինչպե՞ս ենք մենք օգտագործել անմարդկային ջանքերի, համազգային նվաստացման, 2021-ին Իշխանասարում, 2022-ին Կապանում, Ջերմուկում ու Վարդենիսում, 2023-ին Արցախում զոհված ավելի քան 400 տղաների ու աղջիկների արյան և հարյուր հազար արցախցիների սկզբից սովի մատնվելու, ապա՝ բնավեր լինելու գնով ձեռք բերված անգին այս երեք տարիները։ Շատ հեշտ է, գիտեք, ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե՝ ցլերն ուժեղ են։ Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան»,- հայտնի անեկդոտի մոտիվներով (երբ մեկը նստում է տաքսի ու ասում՝ քշի Թուրքիա, մեզ դրանք ցեղասպանել են) արձանագրել է Հանրային ռադիոյի «տանտեր» Գարեգին Խումարյանը։
Եվ ի՞նչն է Խումարյանին ստիպել 3 տարի անց «աչքերը բացել», հերոսանալ։ Պարզվում է՝ Խումարյանի պաշտոնավարման ժամկետը ապրիլին լրանում է ու հրաժեշտ է տալու Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնին։ Եվ ահա որոշել է «հերոսաբար» լքել պաշտոնն ու ինչու ոչ՝ ապահովագրել իր համար նոր աշխատատեղ ու անուն՝ չլռող, չհնազանդվող, իրական լրագրողի մի սիմվոլ։
Խումարյանը իր անհնազանդությունը վերնագրել է «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին»՝ կցելով իր լուսանկարը ռադիոյի նույն այն տաղավարից, որտեղ հարցազրույց էր տալիս Նիկոլ Փաշինյանը, հագին էլ՝ կարմիր բլուզ։
«Մեդիահաբ»-ի՝ «ազատման դիմո՞ւմ եք գրել» հարցին ի պատասխան էլ Գարեգին Խումարյանը պատասխանել է՝ «ինչո՞ւ պետք է դիմում գրեմ»։ Եվ իրոք, ինչո՞ւ պետք է դիմում գրի կամ ասի, որ 2 ամսից պաշտոնավարման ժամկետը լրանում է։ Չէ՞ որ այդպես հերոսանալու գործընթացը լիարժեք չէր լինի։ Իսկ այսպես, երբ մարդիկ չգիտեն այդ մասին, չհնազանդվող, չլռող լրագրողի, սկզբունքային մարդու կերպարը որոշ շրջանակների մոտ ամբողջական կլինի։
Ռադիոյի որոշ աշխատակիցներ էլ հավանության նշաններ են դրել իրենց առայժմ տնօրենի «ստատուսին»։ Հատկանշական է, որ այս մարդիկ գործող իշխանություններին մեկ մեղադրում են ռեպրեսիաների ու «37 թիվ» կազմակերպելու համար, հեգնում են ժողովրդավարության բաստիոն ձևակերպումը, մեկ էլ կտեսնես, որ հանդես են գալիս ամենաթունդ ընդդիմադիրների դիրքերից ու աշխատում Կառավարությունում, Հանրային ռադիոյում, Հանրային հեռուստաընկերությունում...
Հիշեցնենք կամ տեղեկացնենք այս մարդկանց (գուցե իրենք էլ են ժամանակին քնած եղել), որ մինչև 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը նման բան ուղղակի անհնար կլիներ։
Աղբյուր՝ civic.am