
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը, որը մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների բովանդակության շարունակական հարստացմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև բարձրաստիճան փոխայցելությունների օրակարգային հարցերի:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա խթանման հնարավորությունների շուրջ, ինչի համատեքստում ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների և, համապատասխանաբար, տարածաշրջանում հաստատված խաղաղության և հաղորդակցությունների ցանցի ընդլայնման կարևորությունը:
Հայ-ղազախական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արարատ Միրզոյանը դեսպան Բոլատ Իմանբաևին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։